ԼՂ խնդիրը մտել է փակուղի, եւ գերտերություններն ամեն ինչ անում են, որպեսզի փակուղին պահպանվի ու հակամարտության կողմերը այդ վիճակից դուրս գալու ելք գտնեն։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԼՂ կարգավորման ներկա գործընթացին։ Նրա խոսքով՝ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպումն ու Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ հայտարարությունը եզրափակեցին ԼՂ հակամարտության կարգավորման առկա փուլը, ինչից հետո հայկական կողմը պետք է հանդես բերի նոր նախաձեռնողականություն։
Անդրադառնալով երեք նախագահների հայտարարության ռուսերեն եւ անգլերեն տեքստերի տարբերություններին, Արման Մելիքյանը նշեց, թե Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգում փորձեց այնպես անել, որպեսզի նախաձեռնություն ցուցաբերի եւ իրավիճակը շարժի առաջ, ինչը չստացվեց՝ Ադրբեջանի պատճառով: Այժմ, ըստ նրա, երեք նախագահների հայտարարության ռուսերեն տեքստով Ռուսաստանը փորձել է թեթեւակի պատժել Ադրբեջանին՝ իր նախաձեռնությունը ձախողելու համար: Մելիքյանը նկատի ունի հայտարարության ռուսերեն տեքստում Ադրբեջանի համար արված աննպաստ ձեւակերպումները: Դիվանագետի խոսքով՝ «մադրիդյան սկզբունքներն» անընդունելի են հայկական կողմերի համար, եւ դրանք կարիք ունեն լրամշակման։ Դրանից հետո, գուցե, նորացված սկզբունքները հայկական կողմի համար նոր եւ նպաստավոր իրավիճակ ստեղծեն: Իսկ առկա իրավիճակում Հայաստանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը։
«Երբ ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը խոսում է բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության մասին, դա նշանակում է, որ Ղարաբաղում իրավիճակը հասունացել է»,-նկատեց Արման Մելիքյանը՝ ակնարկելով, թե ԼՂ-ն պետք է կրկին վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Մինչդեռ, Մելիքյանի կարծիքով, ԼՂ իշխանությունների «քաշը» թույլ չի տալիս նման պահանջ ներկայացնել, քանի որ ԼՂ հարցի կարգավորման ձեւաչափի հարցը լուծվում է Հայաստանում։ Նա նշեց նաեւ, որ այն քաղաքական ուժը, որն ունակ է ԼՂ խնդրի ձեւաչափի փոփոխման հետ կապված փոփոխություններ պահանջել իշխանությունից` Հայ Ազգային Կոնգրեսն է, սակայն նա լռում է, քանի որ այդ ուժի ու իշխանությունների մոտեցումները ընթացող գործընթացների վերաբերյալ նույնական են։ «Ցավոք սրտի, Կոնգրեսն այսօր ծառայում է որպես քաղաքական հենարան իշխանությունների համար»,-նկատեց դիվանագետը:


























