Դաստակերտ համայնքի ղեկավար Նաիրի Ֆիլոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասով, քանի որ կարծում է, որ իր ընկերությանը տարածք է օտարել հանուն համայնքի եւ նրա բնակիչների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրի Ֆիլոսյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:

Պարոն Ֆիլոսյան, համաձա՞յն եք Ձեզ առաջադրված մեղադրանքի հետ:

Երկու հոդված է առաջադրված՝ 308 եւ 310, ես համաձայն եմ 308-ի հետ, բայց դա արվել է ոչ թե իմ անձնական շահերի հետ կապված, այլ համայնքի ժողովրդի:

Բայց այդտեղ ո՞րն է համայնքի ժողովրդի շահը, երբ դուք Ձեզ տարածք եք տվել:

Եթե համայնքում աշխատատեղ է բացվում, մարդիկ աշխատելու են, դուք պատկերացում չունեք Դաստակերտը ինչ համայնք է  եւ ինչ վիճակում է գտնվում: Եթե գործունեություն է ծավալվում, մարդիկ պիտի աշխատեն, աշխատավարձ ստանան, հետագայում էլ աշխատատեղեր ստեղծվի, ի՞նձ համար եմ արել:

Բայց դուք շահույթ եք ստացել:

Շահույթ չեմ էլ ստացել,  հայտնի էլ չէ՝ կստանամ, թե չստանամ:

Իսկ ի՞նչ խափանման միջոց է ընտրված, հնարավո՞ր է կալանավորեն, կասեցվելո՞ւ են ձեր լիազորությունները, թե՞ ոչ:

Ստորագրություն են ընտրել, լիաղորությունները չի կասեցվելու: Ես ինքս ինձ պաշտպանելու եմ, ինձ թվում է՝ կալանավորելու խնդիր չկա, էն հանցանքը չեմ գործել, որ կալանավորեն, այսինքն՝  խառը երկիր է, ի՞նչ իմանաս:

Փաստորեն ընդունում եք, որ հանցանք եք գործել, բայց դա էն հանցանքը չի, որ կալանավորեն:

Մարդկային տեսանկյունից ես հանցանք չեմ գործել, բայց օրենքով դա դառնում է հանցանք: Եթե արտերկրից մարդ բերել, ներդրում անելը հանցանք է, ուրեմն ես հանցագործ եմ:

Զղջո՞ւմ եք ձեր արածի համար:

Որ իմանայի սենց բան կլիներ, ընդհանրապես էդ մարդկանց չէի խնդրի, գային մեր Դաստակերտը ներդրում անեին ու ընդհանրապես էդպիսի բան չէի անի:

Ի՞նչ է՝ իրավապահները չեն հասկանում, որ դուք բարեգործություն եք արել, ինչի՞ են մեղադրանք առաջադրել Ձեզ:

Դե իրենք օրենքով են շարժվում:

Իսկ Դուք ՀՀԿ-ական չեք,  ինչի՞ են ձեր դեմ գործ հարուցել:

Ուզում է մարդ ՀՀԿ-ական լինի, ինչ ուզում է լինի, եթե օրենքով կա հանցանք, պիտի գործ հարուցեն:

Մի խոսքով, պատրաստ եք պատասխանատվության ենթարկվել:

Եթե արել եմ, պիտի պատասխան տամ, բայց իմ անձնական շահ չկա, ոչ էլ որեւէ մեկին վնասել եմ՝ ոչ պետությանը, ոչ համայնքին, ոչ էլ բնակչությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար`պաշտոնատար անձ և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները,  այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց, Ն. Ֆիլոսյանը ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից  բաժնեմաս է ձեռք բերել և դարձել ընկերության մասնակից: Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորությոններից, և, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ն. Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաև ինքը: Ավելին՝ Ն. Ֆիլոսյանը, որևէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողավարածքում կատարվող ՀԷԿ-ի ինքնակամ շինարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ն. Ֆիլոյանի ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել  համայնքի իրավունքներին և օրինական շահերին: Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը