Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ 41-ամյա Սոնյա Ավետիսյանը, ով մոտ 2 շաբաթ կորած լինելուց  հետո օրերս է հայտնաբերվել, արդեն իր տանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:

Նա նշեց, որ կինը այդքան ժամանակ գտնվել է Աղդամում՝ անասնապահների մոտ, աշխատում էր որպես խոհարար: «Նախկին ծանոթներ են եղել, խոհարար է աշխատել,  հետո իմացել է, որ փնտրում են իրեն, եկել, ներկայացել է: Դե հենց էնտեղ էլ ապրել է: Արդեն իր տանն է, բարիշեցրեցինք ամուսնու հետ»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 44-ամյա բնակիչ Ա.Կյալունցը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00 սահմաններում, կնոջ հետ վիճաբանել է կենցաղային հարցերի շուրջ, ինչից հետո վերջինս դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:

Հաղորդման առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, միջոցներ են ձեռնարկվել՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել: 2014թ. նոյեմբերի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: