Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովն ազատվել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից, քանի որ արդեն կենսաթոշակի է անցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:

 «Նա արդեն 75 տարեկան է, ժամանակն է գնալ հանգստանալու»,-ասաց նա:

Թե ով կփոխարինի Լեոնիդ Մարտիրոսովին, առայժմ հայտնի չէ, գլխավոր ռազմական տեսուչի փոխանցմամբ՝ դա նախագահը կորոշի: Նա նշեց, որ իր մտքում 4-5 թեկնածու կա, որոնց մասին ինքը կհայտնի եւ նախագահն էլ կընտրի նրանց մեջից, սակայն հրաժարվեց այդ անունները հրապարակել: Միքայել Հարությունյանը շեշտեց, որ ռազմական տեսուչի տեղակալը պատրաստված գեներալ պետք է լինի, ռազմական ոլորտում անցյալ ունեցող:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալը ազատվել է պաշտոնից: Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, որոշում է կայացրել գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից: