Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում ինքնասպանություն գործած 52-ամյա տղամարդը մոտ 2 տարի է՝ առողջական խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրաշենի գյուղապետ Հունան Պողոսյանը:
Նա նշեց, որ տղամարդը սեր ուներ խմիչքի նկատմամբ, այդ պատճառով՝ տեւական ժամանակ բուժում է ստացել, նաեւ սթրես է տարել ու այդպես 2 տարի է՝ հիվանդ էր: Մինչ այդ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղապետն ասաց, որ նա նորմալ մարդ էր, ունի կին, երկու որդի, որոնցից մեկը զինվորական է, մյուսը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ:
«Տղային առաջին օրը մի քանի անգամ ասել է թե ինձ կներես, ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը: Ընտանիքում կասկածներ ունեին, որ ուզում է նման բան անել, հսկողության տակ էին պահում, մի պահ կինը գնացել էր կաթ հանձնելու, եկել, տեսել է, որ չկա, մտել է սենյակները, տեսել են՝ արդեն ուշ է»,-պատմեց Հունան Պողոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում ինքնասպանություն է տեղի ունեցել: Մեղրաշեն գյուղի 52-ամյա տղամարդու դին հայտնաբերել են տանը հարակից խորդանոցում՝ առաստաղից կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է: Նա առողջական խնդիրներ է ունեցել: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:




























