Հայաստանի վարչական դատարանը բավարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հայցն ու անվավեր է ճանաչել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի` 2014 թ. փետրվարի 27-ի թիվ 19 որոշմումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գխով օգնական Մարինե Ավանեսյանը:
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, հուշարձանների պահպանական գոտիներում շինարարական, կառուցապատման աշխատանքների նախագծերը համաձայնեցվում են լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ: Իրավանորմերի մեկնաբանմամբ, դատարանը եզրակացրել է. կառուցապատման նախագծերը համաձայնեցնող մարմինը հանդիսանում է շինարարական թույլտվություն տրամադրող իրավասու մարմինը, որը այս դեպքում եւս նույն լիազոր մարմինն է` ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Գառնի համայքնի ղեկավարը ս.թ. 2014 թ. փետրվարի 27-ին որոշում էր կայացրել 400. 000 դրամ տույժի ենթարկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին, նշելով, որ շինարարական աշխատանքներ իրականացնելուց առաջ ՊՈԱԿ-ը պետք է ստանար համայնքի ղեկավարի համաձայնությունը եւ թույլտվությունը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դատարան ներկայացրած հայցով վիճարկել էր համայքնի ղեկավարի որոշումը, փաստելով, որ արգելոցի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին առնչվող խնդիրները համայնքի եւ դրա ղեկավարի իրավասության շրջանակից դուրս են, ինչն էլ հաստատվեց ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճռով:



























