Այն պահվածքը, որ վերջին օրերին դրսևորեց ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարած առաքելությունը, այլ կերոյ, քան զավեշտ, դժվար է անվանել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այդ առաքելությունը ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում է իրականացնում պարզելու համար, թե արդյոք շփման գծում ինչ-որ ռազմական ակտիվություն կա՞  եւ արդյոք հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում: Եվ ահա, երեքշաբթի օրը Կասպշիկի առաքելությունը դիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական շփման գծի Ասկերանի հատվածում և հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ամեն ինչ, իհարկե, նորմալ կլիներ, եթե չլիներ մի փոքրիկ բայց: Մենք բոլորս գիտենք, որ ընդամենը 20 կիլոմետր այն վայրից հեռու, որտեղ Կասպշիկն ու իր խումբը դիտարկում են իրականացրել, ըստ էության, մարտական գործողություններ են ընթանում հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջեւ, եւ այդ իրավիճակը կապված է ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հետ: Ինքը Կասպշիկը, այս իրավիճակը բացատրել է նրանով, որ դիտարկման տեղերը համաձայնեցվում են նախապես, եւ տվյալ հատվածում դիտարկում անելու պայմանավորվածությունը ձեռք բերված է եղել նախքան ուղղաթիռի հետ կապված միջադեպը:

Եթե պարոն Կասպշիկը խաշի մեծ երկրպագու չէ, իր հայրենի Եվրոպայից անհանգիստ Կովկաս հասնելու կարիք չուներ: Նա, օրինակ, կարող էր հայ-ադրբեջանական հակամարտության նույնպիսի անվտանգ մշտադիտարկում իրականացնել Վիսլայի ափերին, ավստրոհունգարական սահմանի վրա. Լա Մանշի նեղուցը կարող է դիտարկել, հետաքրքիր է, այնտեղ հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվո՞ւմ են, թե՝ ոչ: Իսկ խոցված ուղղաթիռի մասին Լա Մանշի ափին որեւէ նորություն ունե՞ն»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում