ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ եւ  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող, Ծավ, Ճակատեն, Սրաշեն եւ Ներքին Հանդ համայնքների 82 աշակերտների համար կազմակերպվել է բնապահպանական թեմաներով մեկօրյա բաց դաս:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ողջույնը եւ բարեմաղթանքները դպրոցականներին փոխանցելուց հետո, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր խոսքում կարեւորել է բնապահպանական գիտելիքներով զինված եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար սերնդի առաքելությունը Սյունիքի հարուստ բնաշխարհը պահպանելու գործում: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը կարեւորել է դահլիճում գտնվող դպրոցականների առաքելությունը  հայրենի ծննդավայրի պահպանության գործում, ինչի հիմքն է սերը դեպի բնությունը:

Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Լիանա Ղահրամանյանը մատուցել է օզոնի շերտի պահպանության, արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորության եւ դրանցից պաշտպանվելու մասին տեսական եւ դիդակտիկ նյութեր: Ստացած գիտելիքներն դպրոցականներն ամրապնդել են գործնական աշխատանքով՝ բնության տեսարաններ նկարներով: 

«Աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը ծրագրի» ղեկավար Կարեն Ճենտերեջյանը շրջակա միջավայրի պահպանության խնդիրները լուսաբանելու հետ մեկտեղ դպրոցականներին է ներկայացրել իրենց գյուղերի հարակից տարածքներում գտնվող «Շիկահող», «Սոսու պուրակ» եւ «Խուստուփ» բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենդանական եւ բուսական  աշխարհի մասին մատչելի տեղեկություններ: 

Հինգ համայնքների դպրոցների բոլոր աշակերտները ստացել են նվերներ՝ գրենական պիտույքներով լի դպրոցական ուսապարկեր եւ բնապահպանական տարբեր թեմաներով ուսուցանող բրոշյուրներ, իսկ դպրոցներին հանձնվել է հեծանիվներ, հատակի մեծ չափերի թեմատիկ խաղեր:

Ծավ համայնքի դպրոցի տնօրեն Յուրա Մարտիրոսյանը մյուս դպրոցների տնօրենների եւ համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպած միջոցառումների համար՝ հավաստիացրել է, որ իրենց դպրոցներում բնապահպանական կրթությունը պատշաճ մակարդակի վրա է գտնվում, իսկ անցկացված բաց դասը դպրոցականներին ավելի հոգատար կդարձնի իրենց շրջապատող հարուստ բնության հանդեպ:

Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն  են ուղղել դասընթացավարներին, որից հետո միջոցառման ներկա հյուրերը եւ ուսուցիչները դիտել եւ խրախուսման են ներկայացրել դասընթացի ժամանակ դպրոցականների նկարած բնապատկերները: