ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներն առավելապես նպատակաուղղված են լինելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով առաջընթաց ապահովելուն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
«ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություներից մեկնումեկում գրանցված հաջողությունը հաջողություն կբերի նաեւ մյուսում»,-նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Քլինթոնը կփորձի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին համոզել ինչ-որ համաձայնության գալ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի եռյակի կողմից Կանադայում՝ ԼՂ վերաբերյալ հայտարարության մասով։ «Այս կերպ Քլինթոնը հույս ունի համոզել Թուրքիային՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- նկատեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Նրա համոզմամբ, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի առաջարկների՝ համաձայնել եւ աշխատել Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի եռյակի կողմից արված հայտարարության ուղղությամբ, հայկական կողմը կբարձրացնի ԼՂՀ կարգավիճակի առաջնային հստակեցման հարցը։ «Սակայն ինչպիսի՞ հանգրվանի կբերեն նման դիրքերից քննարկումները, դժվար է ասել, հատկապես այն ժամանակ, երբ Քլինթոնը Հայաստան այցելում է Ադրբեջան մեկնելուց հետո»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Քլինթոնի այցի ընթացքում առանձին անդրադարձ կատարվի նաեւ հայ-թուրքական կարգավորման առկախված գործընթացին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը դիվանագիտական վրիպում է թույլ տվել՝ ասելով, որ հայ-թուրքական արձանագրություններն ընդունելի են իր համար, եւ ինքը սպասում է Թուրքիայի կողմից դրանց վավերացմանը։ «Հայաստանին այս հարցում համոզելու կարիք չկա։ Կա խնդիր՝ Հայաստանին համոզել, որ նա այդ համատեքստում զիջումների գնա ղարաբաղյան հարցում, որպեսզի Թուրքիայի համար վավերացման խոչընդոտները վերանան»,- ամփոփեց Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի հուլիսի 4-ին՝ Բաքվից։




























