Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննադատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի այն հայտարարությունը, թե շփման գծից դիպուկահարներին հեռացնելու Երեւանի նախաձեռնությունը «չի լուծի խնդիրը»:

«Այս առնչությամբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին ցանկանում ենք հիշեցնել, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը եւ նվազեցնել կորուստները»,- նշել են պաշտպանության նախարարությունից:

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հայտարարությանը, ապա հերթական անգամ հայտնում ենք, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն հետեւում են հրադադարի պահպանմանը եւ պատասխան գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի գնդակոծումներին: Ասվածի վառ ապացույցն է հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետեւանքով երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ»,- ասված է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշել է նաեւ, որ կառուցողական դիրքերից հանդես գալու փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով եւ ապատեղեկատվություն տարածելով, ինչը ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլեւ` պատճառ է դառնում իրադրության սրմանը հայ-ադրբեջանական շփման գծում: