Սինջար եզդիների ազգային միավորումն անթույլատրելի է համարում Ազգային Ժողովի պահվածքը՝ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների, հույների եւ այլ ազգային, կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը չճանաչելու հարցում:
Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Ամիսներ առաջ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր մի նախագիծ, ըստ որի ԱԺ-ն հայտարարության տեսքով պետք է դատապարտեր Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների, հույների եւ այլ ազգային, կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը:
Այս հայտարարության նախագիծն ըստ կարգի քննարկման էր դրվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձանաժողովում: Ի վերջո ԱԺ նշված հանձնաժողովը մերժել էր պատգամավորի առաջարկը եւ թույլ չէր տվել նախագիծը դնել քվեարկության:
ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նման պահվածքը չի կարող ընդունելի լինել ՀՀ քաղաքացիների համար: Մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ ինքներս չենք փորձում դատապարտել Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ոճրագործությունները:
Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության համար անընդունելի է նաեւ այն, որ Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել էր, թե որքանով է շահեկան Հայաստանի համար նման նախագծի ընդունումը: Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ մենք ինքներս չենք հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փորձելով նույն ժամանակահատվածում կոտորված այլ ժողովուրդների ցեղասպանությունների մեջ քաղաքական շահ փնտրել»:




























