Հայ ազգային կոնգրես խմբակցությունը դեռ չի քննարկել Նիկոլ Փաշինյանի՝  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը դիմի խմբակցությանը, իրենք այդ հարցը կքննարկեն: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իր համար անհասկանալի են Նիկոլ Փաշինյանի նպատակները: «Ինքը շատ լավ հասկանում է, որ հիմա դա հնարավոր չէ ու դա հասկանալով՝ նման բան է նախաձեռնել, ի˚նչի համար, պետք է ճշտել նպատակը: Այդ հարցը դեռ չի քննարկել խմբակցությունում, կարծում եմ՝ դրան պետք չէ լուրջ մոտենալ»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը Լյուդմիլա Սարգսյանը իրատեսական չի համարում: Նա շեշտում է, որ իշխանությունը դեռ պատրաստ չէ հանձնվել, հենց այնպես՝ ստորագրությամբ, իր դիրքերը չի զիջի:  ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենք մեծ ցանկություններից հետ են կանգնում՝ հաշվի առնելով, որ դրանք իրատեսական չեն: Դիտարկմանը, թե հնարավոր է այս նախաձեռնությունը թեստ է ընդդիմադիրների համար, Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ ընդդիմադիրների գործողություններին ժողովուրդը պետք է իր գնահատականը տա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ ներկայացնել: Այդ նպատակով նա դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու եւ այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։