Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե մինչ օրս ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում սպանվել է Թուրքիայի 100 քաղաքացի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական թվեր է ներկայացրել «Իսլամական պետության» եւ Թուրքիայի քաղաքացիների առընչությունների վերաբերյալ։

Չավուշօղլուն պնդել է, թե մինչ այս «Իսլամական պետության» խմբավորմանը միացել է Թուրքիայի 600 քաղաքացի, որոնցից 100-ը մարտերի ժամանակ սպանվել են։ Նրա խոսքով՝  իսլամիստներին աջակցելու համար Թուրքիայից արտաքսվել է 1100 քաղաքացի, ինչպես նաեւ 7 հազար հոգու համար Թուրքիա մուտք գործելու արգելք սահմանվել։

Նշենք, որ թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Թուրքիան ֆինանսապես եւ զինտեխնիկայով աջակցել է «Իսլամական պետությանը» , իսկ Թուրքիայից իսլամիստներին միացածների թիվը բազաթիվ անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։