Կապանում հայտնի փաստաբան, «Հակակոռուպցիոն կենտրոնի» համակարգող Արշավիր Խալափյանը, որը մեղադրվում է ապօրինի կաշառք պահանջելու մեջ, չի ընդունում իր մեղավորությունը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում նոյեմբերի 24-ին` գործով առաջին դատական նիստին, մեղադրյալը հայտարարեց, որ իր դեմ առաջադրված մեղադրանքին համաձայն չէ եւ ցուցմունք տալու ժամանակ կհիմնավորի իր դիրքորոշումը:

Նշենք, որ փաստաբանին ՀՀ Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (փաստաբանի կողմից կաշառք ստանալը կամ պահանջելը) մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով: Ըստ առաջինի՝ Արշավիր Խալափյանը, լինելով Սյունիք համայնքի բնակիչներ Հ. Մարգարյանի ու Է. Կարապետյանի փաստաբանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն ապօրինի կերպով գերեզմաններ է հատկացնում համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում: Այնուհետեւ փաստաբանը հանդիպել է համայնքապետի որդուն, նրանից 10 հազար ԱՄՆ դոլար պահանջել՝ հոր դեմ նոր բողոքներ չներկայացնելու, իր վստահորդներին մոլորության մեջ գցելու համար:

Երկրորդ դրվագով փաստաբանը 2014թ. դիմում է ներկայացրել Կապանի քաղաքապետարան`ահազանգելով, որ քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի հարակից տարածքում, որտեղ նաեւ իր սեփականությունն է գտնվում, Կապանի քաղաքացի Աշոտ Կույումջյանն ապօրինի շինարարություն է կատարում: Դրանից հետո Խալափյանը հանդիպել է Աշոտ Կույումջյանին ու նրանից 1500 ԱՄՆ դոլար պահանջել՝ դիմումին ընթացք չտալու համար: Աշոտ Կույումջյանը կաշառքը պահանջելու տեսանյութը  տեղադրել էր համացանցում:

Դատական նիստի հենց սկզբում Խալափյանը եւ նրա պաշտպանը բացարկ ներկայացրին դատավորին՝ հիմնավորելով, որ նա կողմնակալ է: Պաշտպանը նշեց, որ դատավորն անհիմն մերժել է իրենց ներկայացրած մի քանի կարևոր բողոքներ: Դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց միջնորդությունը, որից հետո որոշեց հարցաքննության հրավիրել համայնքապետի որդուն՝ վկա Սարմեն Սարգսյանին:

Վկան պատմեց, որ կաշառք պահանջելու օրը պատահաբար է հանդիպել Խալափյանին «Դարիստ» հյուրանոցի մոտ, Խալափյանն իրեն առաջարկել է բարձրանալ հյուրանոց և խոսել հոր դեմ իր ներկայացրած բողոքի մասին:

«Գրպանից հանեց դեղին, քառակուսի կպչուն թուղթ և վրան գրեց «10.000 ԱՄՆ դոլար»՝ նշելով, որ եթե իրեն այդքան փող տամ, հետ կվերցնի բողոքն ու այնպես կանի, որ մյուս երկու հայցվորները ևս դադարեն անհանգստացնել հորս: Ես հետ տվի իրեն թուղթը, ջղայնացած դուրս եկա սենյակից ու գնացի»,-պատմեց վկան:

«Դարիստ» հյուրանոցի աշխատակիցները նույնպես վկայություն տվեցին, նրանք պատմեցին, որ մի օր Խալափյանը զանգել, ասել է, որ իր համար ինչ-որ բան են թողնելու հյուրանոցում, որն ինքը հետո կվերցնի:  Մատուցողը պատմեց, որ հետո, երբ փաստաբանը գնացել է հյուրանոց, ասել է, որ  իրեն պետք չէ տետրը, որն իր համար էին թողել, հորդորել է վառել կամ դեն նետել այն: Մատուցողն ասաց, որ այրել է տետրը: 

Դատական նիստը  հետաձգվեց, հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 11-ին, ցուցմունք կտա Աշոտ Կույումջյանը, որն, ի դեպ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության, ձերբակալված է 751 մլն դրամի հափշտակություն կատարելու կասկածանքով: