ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոյեմբերի 27-ին կայցելի «Նաիրիտ» գործարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը։

«Վաղը պարոն Զախարյանը գալու  է գործարան, հստակ չեմ կարող ասել՝ ինչի համար, բայց երեւի աշխատավարձերի վճարման եւ գործարանի վերագործարկման հարցը քննարկելու համար»,-ասաց Հրաչ Թադեւոսյանը։

Արհմիության նախագահի խոսքով՝ իրենք վերջին աշխատավարձը ստացել են սեպտեմբեր ամսին, եւ դրանից հետո իրենց աշխատավարձ չեն վճարել։

«Գործարանի 2100 աշխատողներին գործարանի ղեկավարությունը պարտք է մնացել 15-18 ամսվա աշխատավարձ, եւ եթե մեր հարցը չլուծվի՝ այսինքն աշխատավարձերը չվճարվեն եւ գործարանը չվերագործարկվի, մենք չենք լռելու, նոր քայլեր ենք ձեռնարկելու»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը։

Նշենք, որ «Նաիրտի» աշխատակիցների չվճարված աշխատավարձերը կազմում են 15 մլն դոլար։

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին: