Հուլիսի 4-ին Բեյրութում մահացել է Լիբանանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Մուհամմեդ Հուսեյն Ֆադլալլան: Նա 75 տարեկան էր եւ վերջին ժամանակներս ծանր հիվանդ էր: 2009 թվականին այաթոլլան սրտի վիրահատություն էր տարել:
Լիբանանում շիաների ազդեցիկ առաջնորդը հիվանդանոց է տեղափոխվել 2 օր առաջ` «ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ:
Ինչպես գրում է «Վզգլյադը», Ֆադլալլան ծնվել է 1935 թվականին Իրաքի հարավում գտնվող շիաների սուրբ քաղաք Էն-Նաջաֆում: Այնտեղ նա ստացել է հոգեւոր կրթություն: 1966-ին նա վերադարձել է Լիբանան, որտեղ հիմնել է Իսլամական շարիթական ինստիտուտը: Այաթոլլան «Հզբոլլահ» շարժման հոգեւոր առաջնորդներից մեկն էր, որը ստեղծվել է 1982 թվականին իսրայելական օկուպացիայի դեմ պայքարելու նպատակով: Սակայն վերջին ժամանակներս նա իրեն հեռու էր պահում «Հզբոլլահից»:




























