Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեծ հաշվով լուծված է. Լեռնային Ղարաբաղը, անկասկած, չի հրաժարվի իր անկախությունից: Այս մասին «Դեն ՏՎ» վերլուծական առցանց-հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Եվ այդ անկախությունը ճանաչելու համար, ըստ նրա, հայկական կողմը պետք է համաձայնի Ադրբեջանին հանձնել այն շրջանները, որոնք այսօր փաստացի վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի կողմից: «Բայց այդ շրջանները հայկական կողմը դիտարկում է որպես գրավական, բանակցություններում հաղթաթուղթ, եւ առանց ամբողջական կարգավորման հասնելու, իհարկե, դրանք Ադրբեջանին բաժին չեն հասնի»,- ընդգծել է Կոնստանտին Զատուլինը:
Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ քաղաքական գործիչը նշել է, որ արցախյան ուժերը փաստացի վերահսկում են բարձունքները, եւ ադրբեջանական կողմը ստիպված կլինի մեծ կորուստներ կրել, մինչեւ որեւէ առաջընթացի հասնի: «Այդ պատճառով ինձ թվում է, որ զինված հակամարտությունը խաղ է՝ զրոյական գումարով, եւ ավելի դյուրին կլիներ քաղաքական կարգավորման գնալ ոչ թե փոխադարձ գնդակոծությունների միջոցով, այլ քաղաքական գործընթացը շարունակելու, որն այս տարիների ընթացքում շարունակվում է»,- ամփոփել է Կոնստանտին Զատուլինը:




























