ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ադրբեջանին ու նրա քաղաքացիներին կառուցել բարգավաճ, անկախ ու ժողովրդավարական պետություն, ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հուլիսի 4-ին ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: «Ադրբեջանի պոտենցիալի մասին ես բավականաչափ լավատեսորեն եմ տրամադրված: Այս երկիրը հարուստ ռեսուրսներ ու ոչ սովորական պատմություն ունեցող երկիր է, ինչի մասին կարելի է պատմել ողջ աշխարհին»,-ըստ Trend գործակալության, ասել է Քլինթոնը:
«21-րդ դարում շատ երկրների հաջողությունը պայմանավորված է լինելու բաց հասարակությամբ, եթե այդ հասարակությունը հնարավորություն ունենա երկխոսություն վարել, ուսանել, իսկ իմ առաքելությունը, որպես պետքարտուղար, ժողովրդավարությանը, երիտասարդությանն ու ազատությանը սատարելն է»,-նշել է նա: Եւ դա, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, ներառում է սոցիալական ակտիվությունը, ինտերնետ-ազատությունը, նոր հնարավորությունները, որոնց միջոցով երիտասարդությունը հաղորդակցվում է: Ըստ Քլինթոնի, Ադրբեջանը հասել է որոշակի առաջընթացի, «սակայն դեռեւս շատ անելիք ունի»:
«Հարկավոր է աշխատանք տանել երկրի դատական մարմինների անկախության ոււղությամբ: Ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այլ անկախ ընտրական համակարգը, թափանցիկ ինստիտուտներն ու լիդերները»,-ասել է Քլինթոնը: Նա նաեւ հավաստիացրել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմաթիվ նամակներ են ստացել ադրբեջանցի բլոգերներ Էմին Միլլի ու Ադնան Գաջիզադեի կալանավորման վերաբերյալ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է կալանավորված երիտասարդների հարցը:
Քլինթոնի հետ հանդիպմանը մասնակցել են երիտասարդական «Իրալի», «Դալգա», կազմակերպությունների, ինչպես նաեւ Ադրբեջանից ուսանողների ասոցիացիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:




























