Հրազդան կիրճում կառուցված օբյեկտների առատությունը վտանգում է թե կիրճի, թե ամբողջ Երեւանի էկոհամակարգը: Այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն զարգացման» կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, ընդգծելով, որ այդտեղ երկու խնդիր կա` էկոլոգիական եւ սոցիալական:
«Էկոլոգիական խնդիրն այն է, որ եղած կանաչ տարածքները ենթարկվում են կառուցապատման ու ասֆալտապատման: Այդ բոլոր կառույցները չունեն համապատասխան մաքրող սարքեր, եւ աղտոտված ջրերի ամբողջ արտահոսքը լցվում է անմիջապես Հրազդան գետը: Բայց շինությունները եւս վտանգված են, որովհետեւ շատ մոտ են կառուցվում գետին եւ գետը վարարելու դեպքում, հենց իրենք են վնասը կրում»:
Ինչ վերաբերում է խնդրի սոցիալական կողմին, ապա ըստ Կ. Դանիելյանի, եթե առաջ մարդիկ կարող էին այցելել Հրազդանի կիրճ եւ հանգտանալ անվճար, այսօր արդեն դրա հնարավորությունը չկա: «Եթե դու որեւէ տեղ ցանկանում ես մոտենալ գետին ու կանաչ տարածքում հանգստանալ, դրա համար պետք է վճարես»,- ընդգծեց նա:
Կ. Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը մի քանի այլ կազմակերպությունների հետ, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Հրազդանի կիրճում տարածքը մաքրելու աշխատանքներ են իրականացրել, բայց հետո այդ տարածքը հանձնել են մեկին, ով այդտեղ շինություն է կառուցել: «Մենք տարածքը մաքրեցինք աղբից, ոռոգման ջուր եւ էլեկտրաէներգիա անցկացրեցինք, կանաչապատեցինք տարածքը, հատուկ հանգստի վայր` անտառ-պուրակ սարքեցինք եւ հանձնեցինք քաղաքապետարանին: Նույն տարի քաղաքապետարանը այդ տարածքը հանձնեց „Փարվանա“ ռեստորանային համալիրին: Այսինքն մեր ամբողջ արված աշխատանքը` հանուն նրա, որ մարդիկ կարողանան անվճար գալ ու հանգստանալ գետի ափին, ջուրը գնաց, եւ հիմա մարդիկ պետք է գան մեծ գումարներ վճարեն եւ ավելի շատ ասֆալտապատ տարածքում տեղավորվեն»,- ասաց նա:
Մեր հարցին, թե հաշվի առնելով, որ նույն «Փարվանա» ռեստորանը պատկանում է բիզնեսմեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր բարձրացրած խնդիրների լուծումը, երբ այդ օբյեկտների տերերը օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են, Կ. Դանիելյանը պատասխանեց. «Դե Հայաստանի հիմնական խնդիրը հենց դա է: Վերջերս վարչապետը միջազգային կոնֆերանսում ասաց, որ Հայաստանի համար հիմնական խոչընդոտը օլիգոպոլիան է, այսինքն օլիգարխների մոնոպոլիան: Ոչ մի ոլորտում օրենքները չեն աշխատում, որովհետեւ ուղղակի մի խումբ մարդկանց ձեռքին է երկիրը՝ բոլոր հարցերում»:




























