ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վատթարացող վիճակը, հատկապես լրատվամիջոցների եւ լրագրողների համար: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բիմսը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին եւ թույլ տալ քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց հայացքները՝ չվախենալով բռնություններից»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի զեկույցը:
ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ Միյատովիչի զեկույցում խոսվում է վերջին 6 ամիսներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին, որոնք ուղղված են անկախ լրատվամիջոցների գործերին միջամտությանը եւ քննադատող լրագրողներին պատժելուն:




























