ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան ավարտվել է: Հուլիսի 5-ին նրան սպասում են Վրաստանում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում Քլինթոնը հուլիսի 4-ին Բաքվից ժամանել էր Երեւան: Նա հանդիպումներ էր անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում նա այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակին եւ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նշենք, որ Երեւանում Հիլարի Քլինթոնը ոտքով զբոսնել է մայրաքաղաքի կենտրոնով: