Հայաստանի հասարակական  կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մոտ 7 րոպե տեւած իր ելույթում չի անդրադարձել մարտի 1-ին, քաղբանտարկյալներին,  Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների վիճակին։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  հանդիպմանը մասնակցած՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը հավաստիացրեց,  որ Հիլարի Քլինթոնն իր ելույթում անդրադարձել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  օրենքում կատարված  փոփոխություններին եւ հեռուստատեսության թվայնացման խնդրին,  ինչպես նաեւ ընդհանուր գծերով անդրադարձել է ժողովրդավարության հետ կապված խնդիրներին։  Այս փաստը խիստ մտահոգել է Արթուր Սաքունցին,  ով այսպես արձագանքեց  Քլինթոնի ելույթին. «Հեռուստատեսության թվայնացման, բազմակարծության խնդիրն իհարկե շատ կարեւոր է, սակայն Մարտի 1-ին, քաղբանտարկյալների խնդրին հրապարակային չանդրադառնալը ինձ համար անակնկալ էր։  Թեեւ ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, եւ ԱՄՆ դեսպանատունն էլ այս ամենում շատ մեծ դեր ունի, սակայն պետքարտուղարի շուրթերից պետք է անպայման հնչեին մտահոգություններ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննության անցկացման, 10 խաղաղ ցուցարարների սպանության մահվան հանգամանքների բացահայտման, քաղբանտարկյալների վերաբերյալ»։  Այն, որ ԱՄՆ պետքարտուղարն անտեսել է նման կարեւոր հարցեր, ըստ իրավապաշտպանի,  «լուրջ մտահոգությունների  ու հետեւությունների տեղիք է տալիս։  

Ի դեպ, ըստ հանդիպմանը ներկա հ/կ-ների ներկայացուցիչների,  Հիլարի Քլինթոնի ելույթից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հրահանգով հանդիպումը նկարահանող տեսախցիկները դուրս են բերել սրահից  եւ հանդիպումն այնուհետ  անցել է փակ ֆորմատով։  Բացի այդ, հ/կ-ների ներկայացուցիչների հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գաղտնի պահել, թե նրանցից որն ինչ թեմայի ու խնդրի մասին է բարձրաձայնել Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ։