Սննդամթերքի ասոցիացիան պնդում է, որ Վրաստանում արտադրվող կարագը ոչ մի ընդհանրություն չունի այդ մթերքի հետ։ Ինչպես հաղորդել է վրացական «Կոմերսանտ» ռադիոկայանը, ասոցիացիայի նախագահի տեղակալ Էտեր Սարջվելաձեի վկայությամբ, տեղական, եւ արտասահմանյան կարագի համեմատական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ տեղական արտադրանքը վնասակար է առողջությանը։

«Այն, ինչ վաճառվում է խանութներում` կարագ անվանումով, իրականում դրա հետ ոչ մի կապ չունի։ Դրանք տարբեր յուղեր են, որոնք խառնված են արմավենու ձեթով»,- ասում է Սարջվելաձեն։

Նա չի ցանկացել նշել կոնկրետ արտադրողներին՝ ասելով, թե նրանք հայտնի կդառնան հետո. «Մենք դեռ պիտի ստանանք ստանդարտները, որով աշխատում են արտադրողները, որպեսզի համեմատենք դրանք։ Դա մեզ կտա փաստացի արդյունքներ եւ արտադրողներին փաստի առաջ կկանգնեցնի», — ասել է Սարջվելաձեն։

Վերահսկվո՞ւմ է արդյոք պետական մարմինների կողմից կարագի որակը, ի՞նչ մակարդակով է պաշտպանված մարդկանց առողջությունը: Այս հարցերով «Կոմերսանտ» ռադիոկայանը դիմել էր սննդամթերքի անվտանգության ծառայությանը։ Ինչպես հայտնել են ծառայությունում, պետությունը իրականացնում է ցանկացած մթերքի վերահսկում. «Եթե հետազոտական կենտրոնները տրամադրեն մեզ ցանկացած սննդամթերքի շուրջ իրենց հետազոտությունների արդյունքները՝ լինի դա կարագ, պաղպաղակ կամ որեւէ այլ բան, պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ առեւտրային ցանցից վնասակար սննդամթերքը հանելու ուղղությամբ»,- ասել են սննդամթերքի անվտանգության ծառայությունում։