Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կոնգրեսական Ֆ. Փալոնի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետեւանքները եւ, այդ համատեքստում, շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի այցը շարունակվում է:




























