Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունն առաջարկել է  պաշտոնյաների կոռումպացվածությունը ստուգել հոգեբանական թեստի միջոցով: Թեստավորումը կկատարվի պետական դաշնային քաղաքացիական ծառայության 2015-2018թթ. զարգացման ծրագրերի շրջանակում:

Ռուսաստանի աշխատանքի նախարարության պետական դաշնային քաղաքացիական ծառայության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բասնակը «Իզվեստիային» հայտնել է, որ թեստավորումը կանցկացնեն կադրային ծառայությունների հատուկ պատրաստվածությամբ աշխատակիցները:

Ստուգումը կարող է անցկացվել հարցազրույցի ձեւով, որի կարեւոր տարրն է թեկնածուի հոգեբանական գնահատականը:

Դա կարող է  լինել սովորական զրույց, որի ընթացքում հարցեր կտրվեն, պատասխաններն էլ կվերլուծեն մասնագետները: Որակով կազմված հարցերը երաշխավորում են 90%-անոց արդյունք:

Գերատեսչությունն առաջարկում է թեստ անցկացնել գործող ատեստավորման շրջանակում, որն ամրագրված է օրենսդրությամբ, ինչից հետո կորոշվի զբաղեցրած պաշտոնի պահանջներին համապատասխանության հարցը:

Ռուսաստանում կաշառքի հանդեպ թուլությունը արդեն բացահայտում են ստի դետեկտորով՝ ուղիղ հարցեր տալով, որոնց փորձարկվողը պատասխանում է «այո» կամ «ոչ»: