Պետք չէ Հայաստանի եվրասիական ինտեգրացիան քննարկելիս անտեղի առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին դեկտեմբերի 3-ին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում եւ Եվրասիական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել: Այդ պատճառով հարցնել, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ ԵՏՄ-ում, անտեղի է: «Մեր պարտքն է կատարել Արցախի ժողովրդի կամքը եւ հասնել դրա միջազգային ճանաչմանը: Հայկական երկու պետությունների տնտեսական եւ քաղաքական շահերից ելնելով»,- նշել է Շարմազանովը:




























