Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի հակառակորդները թող մտածեն, թե բացի Ռուսաստանից, ուրիշ որտեղից կարող են այդքան էժան զենք եւ վառելիք գնել: Այս մասին դեկտեմբերի 3-ին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք-զինամթերք է վաճառում ներգործարանային գներով: Իսկ նավթամթերքը Հայաստան կմտնի առանց արտահանման
30% տուրքի: «Եթե դուք գիտեք որեւէ այլ պետություն, որը մեզ համար կանի նույնը, ասեք դրա անունը: Չգիտեք, որովհետեւ նման պետություն չկա»,- ասել է Շարմազանովը:
Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը մտացածին է անվանել այն փաստարկները, որ ԵՏՄ-ում Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը՝ լիազորությունների մի մասը պատվիրակելով վերպետական մարմիններին. «Նշանակում է, ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում բոլորը կորցրե՞լ են ինքնիշխանությունը: Թե՞ այսօր կա մի պետություն, որ 100%-ով ինքն է ամեն ինչ որոշում: Սա նոնսենս է: Անգամ Թոմաս Մորի ուտոպիայում նման բանի չեք հանդիպի»:
Միաժամանակ, Շարմազանովի խոսքով, պետք չէ ասել, որ Մաքսային, ապա՝ Եվրազիական միություն մտնելու որոշումից հետո Արեւմուտքը դռները փակեց Երեւանի առաջ: ԵՄ-ի պաշտոնյաներն ու դեսպանները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը: «Առաջին էմոցիոնալ հայտարարություններից հետո նրանք եկան դրան: Այնպես որ, Հայաստանի հանդեպ արեւմտյան ոչ մի տաբուի մասին խոսք չկա:




























