Եվրասիական տնտեսական միությունը ձախողվելու է, այն երկար կյանք չի ունենա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ, ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ մեկ, երկու ամիս հետո արդեն մեր ժողովուրդն ավելի շատ կզգա այդ միությանն անդամակցության բացասական հետեւանքները։

Նավասարդյանը նշել է, որ Հայաստանը ԵՏՄ-ում իր ինքնիշխանություն պահպանելու համար պետք է անպայման տարբերվի այդ միության մյուս երկրներից։

Հարցին, թե ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, ԵՄ-ի հետ հարաբերություններում, Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը երկու տարբերակ է նշել: Առաջինն այն է, որ ԵՄ որոշ պաշտոնյաներ, համարում են, որ անհրաժեշտ է համագործակցության եզրեր գտնել ԵՏՄ-ի հետ, ոչ թե դիտարկել հակադիր բեւեռ, այլ դիտարկել որպես պոտենցիալ գործընկեր:

Հաջորդ տարբերակը, ըստ Նավասարդյանի, այն է, որ ԵՄ-ն հարաբերություններ կառուցի ասոցացման համաձայնագիր չստորագրած երկրների հետ: Նրա խոսքով՝ այս հարցում կան խնդիրներ, քանի որ ԵՄ-ն պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է Հայաստանը, իսկ Հայաստանը չգիտի, թե ինքն ինչի է պատրաստ: «Մինչեւ այդ հստակությունը չլինի, չենք կարող ասել, թե ինչպիսի հարաբերություններ կծավալվեն Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ»,-ասել է Նավասարդյանը: