Ռուսաստանը եւ Թուրքիան չեն զարգացնելու էներգետիկայի ոլորտում համագործակցությունը. Ռուսաստանը պարզապես բյուջեից միջոցներ կծախսի լրացուցիչ խողովակների անցկացման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի տնտեսագետ Կոնստանտին Սոնինը՝ մեկնաբանելով «Հարավային հոսք»-ի շինարարությանը մասնակցելուց Մոսկվայի հրաժարվելու մասին որոշումը:
Իրականում, նրա խոսքով, գոյություն ունեն փոքրաթիվ մարդիկ, ովքեր խոշոր շինարարության շահառուներն են: «Հարավային հոսք»-ի շինարարության համար, ըստ տնտեսագետի, 5 մլրդ դոլար է ծախսվել:
«Դա ռուսական շինարարական ընկերությունների համար հաջողություն էր, հիմա, կարծես, հերթական անիմաստ շինարարությունն է, բայց նրանց համար դա հսկայական շահույթ է: Դրանում որեւէ այլ իմաստ չկա»,- ընդգծեց Կոնստանտին Սոնինը: Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Ռուսաստանն ու Թուրքիան զարգացնելու են այդ ոլորտում համագործակցությունը, տնտեսագետը հավաստեց. «Նրանք չեն զարգացնելու համագործակցությունը: Պարզապես Ռուսաստանը բյուջեից գումար է ծախսելու՝ նոր խողովակներ անցկացնելու համար»:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 1-ի բանակցությունների արդյունքներով Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք»-ի շինարարությանը մասնակցությունից:
Պուտինն իր որոշումը բացատրեց եվրոպական գործընկերների կողմից հարուցվող խոչընդոտներով՝ հաշվի առնելով, որ մինչեւ հիմա չեն ստացել Բուլղարիայի թույլտվությունը: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով, ընկերությունը սեւծովյան գազատարը Բուլղարիայից կուղղի դեպի Թուրքիա: Այսինքն՝ Ռուսաստանը Հարավային Եվրոպային գազ կմատակարարի Թուրքիայի միջոցով:




























