«Հարավային հոսք» նախագծի շինարարությանը մասնակցելուց Ռուսաստանի հրաժարվելու եւ սեւծովյան գազատարը Բուլղարիայից դեպի Թուրքիա ուղղելու արդյունքում կտուժի Հարավային Եվրոպան, իսկ Թուրքիան կշահի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը:

Նախ, նրա խոսքով, դա «Երկնագույն հոսք»-ի կրկնությունն է, պարզապես նոր ճյուղեր են: «Ամեն ինչ հայտնի է, ամեն ինչ նախագծված է, հեշտ է անցկացնելը եւ պարզապես կարճ է:  Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին գազային հանգույցի ստեղծումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունը կարգավորի իր ներքին խնդիրները: Իհարկե, դա ավելի արդյունավետ նախագիծ է, ավելի էժան, առանց քաղաքական որեւէ բաղադրիչի»,- նշեց Դիսկինը:

Տնտեսագետի համոզմամբ, Եվրոպան կտուժի, քանի որ խնդիրն այն է, թե ինչպես է գազ ստանալու Հարավային Եվրոպան: «Պարզ է, որ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ Ուկրաինայի տարածքով անցնող գազատարի զարգացմամբ, բացի այդ, ինչ-որ մեկը պետք է ենթառակուցվածքներ ստեղծի Հարավային Եվրոպայում: Հիմա «Գազպրոմ»-ն այդ չի անելու: Այսինքն՝ Թուրքիան կշահի, Հարավային Եվրոպան՝ կպարտվի»,- ամփոփեց Իոսիֆ Դիսկինը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք»-ի շինարարությանը մասնակցելուց: Պուտինն իր որոշումը բացատրեց եվրոպական գործընկերների հարուցած խնդիրներով՝ հաշվի առնելով, որ մինչեւ հիմա չի ստացվել Բուլղարիայի համաձայնությունը: