Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Դիլհամ Ասկերովը դատարանում հայտարարել է, որ սպանված դիվերսանտ Հասան Հասանովը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեկ այլ ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը:
«Երբ Ինջիղուլյանը հայտարարեց, որ Հասանովն իր՝ Բաքվում տեղի ունեցած հարցաքննությանը մի քանի անգամ մտել է սենյակ եւ դուրս եկել, Ասկերովն լրացրեց բառացի՝ այո, Հասանովը հատուկ ծառայության աշխատակից է եղել, բայց ինքն այդ մասին իմացել է միայն ԼՂՀ սահմանը հատելուց հետո, երբ իր եւ Հասանովի միջեւ տարաձայնություններ են առաջացել: Ի դեպ, մինչեւ այդ էլ Ասկերովը մի քանի անգամ այս մասին հայտարարել է»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին ԼՂՀ առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում հարցաքննվել է Հակոբ Ինջիղուլյանը: Ըստ հայ զինծառայողի՝ դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հ. Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Ի դեմս Հ. Հասանովի նկարի՝ Ինջիղուլյանը ճանաչել է այն անձնավորությանը, որը ներկա է եղել իր հարցաքննությանը։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին:




























