Տրանսանատոլիական համակարգը (TANAP – Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա) դեռ պետք է ստեղծել, միաժամանակ պիտի Ռուսաստանի կողմից գազ մատակարարելու երաշխիքներ ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը՝ մեկնաբանելով ռուսական կողմի հնարավոր մասնակցությունը Հարավային Եվրոպա գազի մատակարարման նախագծին:
Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն անհրաժեշտ ողջ գազը ստանում է Ռուսաստանից: «Տրանսանատոլիական համակարգը դեռ պետք է ստեղծել: Միաժամանակ պիտի Ռուսաստանի կողմից գազ մատակարարելու երաշխիքներ ստանալ: Ռուսաստանն արդեն բաշխել է գազի իր լրացուցիչ ծավալները, մնացածը Եվրոպայի գլխացավն է»,-ընդգծել է Դիսկինը:
Հիշեցնենք, որ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Գրիվաչը հայտարարել է, որ կառուցվող Տրանսանատոլիական գազատարը (TANAP) կարող է օգտագործվել «Գազպրոմի» կողմից՝ Հարավային Եվրոպային ռուսական գազ մատակարարելու համար, որը նախատեսում էր արտահանել «Հարավային հոսք» նախագծով: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը սառեցնում է «Հարավային հոսք» նախագիծը եւ մտադիր է նոր գազատրանսպորտային համակարգ կառուցել Թուրքիայում:




























