Լեռնային Ղարաբաղում արդեն 5-րդ տարին է ինչ շարունակվում է Տիգրանակերտ քաղաքի տարածքում իրականացվող պեղումները, որը Արցախում Տիգրան Մեծ թագավորի կողմից հիմնադրվել է մթա 1-ին դարում։
Պեղումները իրականացնում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնէաբանության եւ ազգագրության ինստիտուտի Արցախյան հնէաբանական գիտարշավախումբը՝ Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տիգրանակերտի պեղումները սկսվել են «Երկիր» հայրենադարձության եւ ընտելացման հարցերով Հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ։ Այս տարի պեղումները սկսվել են հունիսի կեսերից, իրականացվող աշխատանքներում ներգրավված են մերձակա շրջանների աշխատողները։ Աշխատանքները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության կողմից։ Կազմակերպչական հարցերը համակարգվում են ԼՂՀ-ում այս տարի ստեղծված «Տիգրանակերտի արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն առընթեր Տուրիզմի վարչության կողմից։
Ըստ Համլետ Պետրոսյանի, ընթացիկ տարում պեղվել է եկեղեցու վերեւի մասը (բազիլիկ)։ Նախնական տվյալներով, բազիլիկը՝ 6-րդ դարի է։ Պեղումների արդյունքում գտնվել են մեծ քանակությամբ քանդակների հատվածներ, խաչքարերի մնացորդներ։ Պեղումները հիմք են տալիս հաստատելու, որ եկեղեցին գործել է դեռեւս 10-րդ դարից առաջ։ Ազգային գիտությունների ակադեմիայի Հնեաբանության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աղավնի Ժամկոչյանի խոսքերով, գտնված քիվերն ու խոյակները, ինչպես նաեւ այլ ճարտարապետական հատվածները շատ կարեւոր են ամբողջական պատկերը վերականգնելու համար։ Տվյալ բազիլիկը Հարավային Կովկասի նմանատիպ այլ կառույցներից առանձնանում է իր չափսերով, անթերի հարթեցված պատերով, սալիկներով հատակի երեսպատմամբ եւ հարուստ ճարտարապետական դեկորներով։ Բազիլիկի երկարությունը կազմում է 24 մետր, լայնքը համարյա 7 մետր։ Բազիլիկի տարածքում գտնվել են 12-13-րդ դարերի արծաթե դրամներ։ Գիտնականների հավաստիացմամբ, դրանք վկայում են այն մասին, թե ինչպիսի կյանք է եղել այստեղ եկեղեցու փլուզումից հետո։ Պեղումների յուրաքանչյուր օրը նշվում է նոր բացահատումներով։
«Մենք պարտավոր ենք հետազոտել բոլորը, քանի որ դա մեր պատմությունն է։ Տիգրանակերտը երեւում է հեռվից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն տեսնի աշխարհը»,- ընդգծեց Համլետ Պետրոսյանը։
Ներկայիս տարում պեղումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի վերջ։ Նրանք անցկացվում են երեք հիմնական տեղամասերում։ Տիգրանակերտի կենտրոնական մասում գրեթե ողջ անտիկ շինությունները ավերված են եւ հիմնական մշակութային շերտը կազմում է 4-8 եւ 12-13-րդ դարերի կենցաղի մնացորդները, թոնիրներ, մեծ կարասներ եւ այլն։ Պեղված են անտիկ մոնումենտալ շինության հիմքը, վաղ միջնադարյան պաշտպանական կամ ադմինիստրատիվ շինությունների հատվածները։ Անտիկ շերտին վերաբերում են կերամիկական իրերի օրինակները, որոնք դասվում են մթա 1- մթ 1-ին դարերին։
Այս տարվա գտնված իրերից Համլետ Պետրոսյանը առանձնացրել է ագաթե գեմման (տպագիր) եղնիկի պատկերով, որի մեջքին արծիվ է նստած։ Գիտնականները դեռ դժվարանում են հստակ նշել, թե որ ժամանակաշրջանին է պատկանում գեմման, սակայն ենթադրվում է՝ հելենական։ Ըստ Համլետ Պետրոսյանի,գեմման եւ նախամիջնադարյան կավե դրոշմները վկայում են, որ Տիգրանակերտը իր ժամանակներում խաղում էր կարեւոր ադմինիստրատիվ-առեւտրային դեր։
Գտնվել են նաեւ կերամիկական իրերի հատվածներ, որոնք վերաբերում են նախամիջնադարին եւ 12-13 –րդ դարերին։ Գտնվել է նաեւ այրման չենթարկված աղյուսի հատվածներ։
Պեղումները շարունակվում են տաճարի հյուսիսային պատի տեղամասում։ Այստեղ աշխատանքը ղեկավարում է Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վարդգես Սաֆարյանը։ Ընթացիկ տարում պեղված պատի երկարությունը ավելացել է եւս 20 մետրով եւ հիմա կազմում է 85 մետր։ Իր չափսերով նա Հարավային Կովկասում պեղման ենթարկված ամենամեծ պատերից մեկն է։ Մասնագետները նշում են կառույցի ճկունությունը, բազմազանությունը եւ քարի մշակման ու տեղադրման տեխնիկայի կատարելագործումը՝ «ծիծեռնակի պոչի» ձեւով։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնէաբանության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ինեսսա Կարապետյանի կարծիքով, շինության սկզբունքը իրենից ներկայացնում է մեծ հետաքրքրություն՝ քաղաքի կառուցման ժամանակ օգտագործվել է ողջ ռելյեֆը, քաղաքը ամուր հիմք ունի։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ լեռան վրա դրվել է ոչ միայն պատերի հիմքը, այլեւ ցանկացած անտիկ շինության։ Տիգրանակերտի օրինակով մենք գործ ունենք Կովկասյան տարածաշրջանի ամենահզոր հուշարձանի հետ։ Հուշարձանը երեւում է մի քանի տասնյակ կիլոմետր տարածությունից»,- ասել է Համլետ Պետրոսյանը՝ հավելելով, որ նրանց առջեւ ոչ միայն հետազոտական, այլեւ հուշարձանի պահպանման խնդիրներ կան։
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս կհայտնաբերվի հատուկ պաշտպանական հրապարակ, հնարավոր է նաեւ՝ աշտարակ։ Ընդհանուր առմամբ՝ պեղումները բացահատում են հարուստ եւ գեղատեսիլ քաղաքի հզորության պատկերը։
Գիտարշավի անդամները կարծում են, որ անցյալ տարի գտնված կավե սկավառակը իսկական սենսացիա է, որը մոտավորապես 8 սմ շառավիղ ունի եւ, որի մի կողմում շրջանակի մեջ փորագրված է հավասարասուն խաչ, իսկ հակառակ կողմում՝ մորթուց գլխարկով մորուսավոր տղամարդու պատկեր է։ Սկավառակի երկու կողմերում ել կան գրառումներ՝ հին հայերեն տառատեսակով «բոլորագիր երկաթագիր» (կլոր հին հայկական տառատեսակ), մասնավորապես՝ «Ես Վաչ(է)՝ ծառան Տ(իրոջ) Ա(ստծ)ո»։
Դիսկը գտնվել է բազիլիկի ամուր հատակից, կառուցված 5-6 դարերում։ Այն պատկանում է այսպես կոչված նվիրատվական խաչերի շարքին՝ այն ժամանակներում ընդուված էր եկեղեցուն մատուցել նմանատիպ իրեր։
Ըստ Հ. Պետրոսյանի, գտնված իրը Արցախի տարածքում գտնված ամենահին հայկական գրերից է՝ եւս մեկ փաստարկ, որ Խաչենագետի ստորին ավազանը վաղ քրիստոնեական հայկական նկարագիր ունի։
Վարդգես Սաֆարյանը հավաստիացնում է, որ Տիգրանակերտը իր հիմնադրման ժամանակներից (մթա 1 դար) անդադար գոյատեւել է, իսկ գտնված հայկական հուշարձանները ամբողջապես համապատասխանում են հայկական չափանիշներին։ Գիտարշավի ղեկավարությունը կանոնավոր կերպով տեղյակ է պահում հասարակությանը՝ պեղումների ընթացքի մասին, այդ թվում՝ սեփական կայքի միջոցով։
Հիշեցնենք, որ հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Արցախի ամենախոշոր եւ հայտնի բնակավայրն է, այն հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում Տիգրան Մեծի հիմնած եւ նրա անունով կոչված 4 Տիգրանակերտ քաղաքներից մեկն է։




























