Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ 2013թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի վիճակը դեռ բավարար չէ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանների պաշտպան Ռուբեն Բալոյանը:

«Բուժումը շարունակում է Տաթեւիկը, լողավազան է հաճախում: Թեեւ քայլում է, բայց վիճակը դեռ բավարար չէ»,- ասաց փաստաբանը:

Ռուբեն Բալոյանը չբացառեց, որ նոր հայց կներկայացնի դատարան՝ Վարդան Պետրոսյանից նյութական փոխհատուցում պահանջելով:

Նշենք, որ նյութական փոխհատուցման մասին Հակոբյանները դատական նիստերին հաճախ են խոսում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։