ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չհանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի ընդդիմությանը, քանի որ այդ երկրները չունեն հստակ եվրաատլանտյան նկրտումներ։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Մինչդեռ՝ ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայում հանդիպեց տեղի ընդդիմությանը, Վրաստանում՝ եւս։ Ստեփան Սաֆարյանը փաստը բացատեց  հետեւյալ կերպ. «Ուկրաինան եւ Վրաստանը ԱՄՆ-ը դիտարկում է որպես շատ հստակ եվրաատլանտյան ինտեգրման ցանկություն ու նպատակներ ունեցող երկրներ, որոնք իրենց կարգավիճակով առանձնանում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։ Եւ բնական է, որ այդ երկրներում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները պետք է լինեին շատ ավելի լայն ծավալի, քան այն երկրներում, որոնք շատ խորը եվրաատլանտյան նկրտումներ չունեն»։ Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես նշել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը իրենց համար օրակարգային խնդիր չէ, ինչն էլ, ըստ նրա, ազդում է այդ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի  հետաքրքրությունների վրա։

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը Հայաստանում էր հուլիսի 4-5-ը։ Հայաստանյան այցի ընթացքում  ԱՄՆ պետքարտուղարը չհանդիպեց ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ արտախորհրդարանական ընդդիմության հետ։