Նախամանորյա բումը դեռ չի սկսվել, մոտակա օրերին ականտես կլինենք մեծ տեմպերով գնաճի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նա նշեց, որ արդեն նկատելի է գնաճ, օրինակ՝ հյութերը, կաթնամթերքը 20 դրամով թանկացել է եւ առաջիկայում թե սպեկուլատիվ, թե օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ գները կբարձրանան: Այնպես որ, տնտեսագետի խոսքով, ժողովուրդը ավելի սթափ կենսամակարդակով պետք է դիմավորի այս նոր տարին, քան նախորդ տարիներին:
Անդրադառնալով վարչապետի եւ մյուս պաշտոնյաների հայտարարություններին, թե գնաճը չի գերազանցում 5 տոկոսը՝ Արտակ Մանուկյանը մի շարք հանգամանքներ շեշտեց: Նա նախ նշեց, որ գնաճի երկու մեթոդաբանություն կա, այն իրականացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը եւ Կենտրոնական բանկը, նայելով վերջին տվյալները՝ գնաճը 5 տոկոսի սահմանը չի անցնում, բայց կան վերապահումներ, որոնք վերաբերում են մեթոդաբանությանը:
Այսպես, գնաճը հաշվարկվում է սպառողական ինդեքսի հիման վրա, որը 470 ապրանք եւ ծառայություն է պարունակում, այսինքն՝ դրանց գների փոփոխությունն է հիմք վերցվում, սակայն այստեղ շատ մանեւրելու տեղեր կան: Օրինակ՝ հնարավոր է մի շարք առաջնային նշանակության ապրանքների գները բարձրանա, երկրորդայինինը՝ մի քիչ նվազի, այդպես հակակշիռ ստեղծվի, գնաճի ցուցանիշի վրա չազդի, բայց ազդի բնակչության կենսամակարդակի վրա:
Մյուս կարեւոր հանգամանքը, ըստ տնտեսագետի, այն է, որ գնաճի մոնիթորինգը իրականացվում է յուրաքանչյուր ամսվա 10-րդ, 20-րդ եւ 30-րդ օրերը: «Եթե դուք նայեք գները, այդ օրերին գները որոշակի նվազում են, օրինակ բենզինի գները, բայց հետագայում ավելանում են, այսինքն՝ առանցքային դերակատարություն ունեցող ֆիրմաները ինչ-որ առումով համաձայնեցված են այդ գործունեությունը, թեեւ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս 5 տոկոս, բայց այն մի փոքր ավելին է, քանի որ շարքային քաղաքացին ոչ թե 10-րդ, 20-րդ եւ 30-րդ օրերին է առեւտուր անում, այլեւ մյուս օրերին եւս»,-ասաց տնտեսագետը: Նա նշեց, որ գնաճի վրա ազդում են նաեւ վերջին փոփոխությունները ՌԴ-ում, օրինակ՝տրանսֆերների նվազումը, դոլար-դրամ վայրիվերումները:
Արտակ Մանուկյանը շեշտեց, որ պաշտոնական տվյալներով՝ տնտեսության հրամցրած գնաճը այդքան սարսափելի չէ, ԿԲ-ն մոտ 4 տոկոս գնաճն է թիրախ դարձրել՝ +,- 1 կամ 1,5 տոկոս, ու թեեւ գնաճը դրանից ավել է եղել, ոչ ոք պատասխանատվություն չի կրել, այս տարի եւս ցանկանում են այնպես անել, որ դրանից բարձր գնաճ չերեւա:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ վերջին օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Ըստ նրա՝ հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել իրեն, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:




























