«Ժառանգություն» կուսակցությունն այսօր երեկոյան վարչության նիստ է հրավիրելու, որի ընթացքում քննարկվելու են կուսակցության՝ հուլիսի 10-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր։ Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, հուլիսի 6-ին տեղի ունեցած ասուլիսում ասաց նույնանուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նա մեջբերեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, ըստ որի՝ համագումարը ջրբաժան է հանդիսանալու Ժառանգության մինչ այս ծավալած գործունեության առումով։ Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել, թե ի՞նչ օրակարգով է ընթանալու համագումարը, նաեւ, թե ովքե՞ր են հրավիրված լինելու համագումարին։ Այդ բոլոր հարցերի պատասխանները հայտնի կդառնան կուսակցության՝ այսօր երեկոյան տեղի ունենալիք վարչության նիստում։

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը»  2009 թվականի աշնանը պառակտվեց. կուսակցության մի քանի անդամներ՝ Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը, Վարդան Խաչատրյանը եւ այլք, հեռացվեցին կուսակցությունից։