2015 թվականին ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը ուժեղ ցնցումներ չի ապրի Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին դեկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Միասնական տնտեսական հանձնաժողովի (ՄՏՀ)՝ ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Ազդեցությունը, իհարկե, կարող է ուժեղանալ, բայց դժվար թե այն զգալի լինի: «Ռուսաստանն ու Հայաստանը բարձր տնտեսական փոխլրացում ունեն: Եվ դա լավ նախադրյալներ կստեղծի Միության ներսում»,- հավելեց Վալովայան:
Նրա խոսքով, եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, միեւնույն է, կզգար Ռուսաստանի տնտեսական իրավիճակի ազդեցությունը, բայց զգալի տարբերությամբ. առանց ԵՏՄ-ին անդամակցելու նա տեղ չէր ունենա դա քննարկելու համար: «Իսկ անդամակցելով Միությանը, նա լրացուցիչ հնարավորություն է ստանում գոյություն ունեցող գործիքների շրջանակում ռիսկերի նվազեցման տարբերակներ քննարկել»,- պարզաբանեց Վալովայան:




























