Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ հուլիսի 5-ի երեկոյան մասնակցել է Ջերմուկում ավարտված շախմատի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարի փակման արարողությանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է Ջերմուկի՝ համաշխարհային շախմատային կենտրոնի վերածվելու հանգամանքը: «Այսօր Ջերմուկ քաղաքում են գտնվում ուժեղագույն շախմատիստուհիները, եւ այս գեղեցիկ միջոցառման շնորհիվ ամբողջ աշխարհը հնարավորություն ունեցավ վայելելու կանանց այս գեղեցիկ մրցաշարը»,- նշել է վարչապետը:

Նշենք, որ մրցաշարի 12 մասնակիցներից հաղթող է ճանաչվել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, երկրորդ տեղն է գրավել ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, իսկ երրորդը` Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը։