Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն «Day.az»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե բացարձակ նշանակություն չունի՝ «Մեթյու Բրայզան, թե Թինա Կայդանոուն կլինի համանախագահ»: «Կարծում եմ՝ նա փորձառու մարդ է, տեսնենք, թե ինչ կանի, բայց խնդիրն այն է, որ չարժե հույս դնել Մինսկի խմբում այս կամ այն առանձին անհատի վրա»,- նշել է քաղաքագետը:

Ավելին, Գուլուզադեն նկատել է, թե երբեմն շատ անարդար են եղել Բրայզայի հանդեպ: «Ողջ քաղաքականությունը գալիս է պետության ղեկավարությունից: ԱՄՆ ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցով հիմա չի զբաղվում լրջորեն, այդ պատճառով էլ նրա ներկայացուցիչը զբաղված է պատրանք ստեղծելով՝ իր հնարավորությունների չափով»,- ասել է քաղաքագետը եւ նշել, որ միայն Յուրի Մերզլյակովն է, որ լրջորեն ներկայացնում է Ռուսաստանը եւ ինքնագործունեությամբ չի զբաղվում։