Ռուսաստանը շատ է աջակցում հայ արտահանողներին՝ թույլ տալով նրանց իր շուկայում օգտագործել «կոնյակ» անվանումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերության փոխտնօրեն Ավետիք Գասպարյանը: Նրա խոսքով՝ եթե նույն խմիչքը Ռուսաստան արտահանվի որպես բրենդի, ապա վաճառքի հետ կապված դժվարություններից խուսափել չի լինի, չի օգնի անգամ հայկական պիտակը:

«Այդ հարցում, անկեղծ ասենք, Ռուսաստանը միշտ օգնել է մեզ: Դեռեւս մինչ 2017 թվականը Ռուսաստանը թույլ է տալիս օգտագործել «կոնյակ» անվանումը ոչ ֆրանսիական նմանատիպ խմիչքների համար:Իսկ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մենք հիմա էլ շշերի վրա գրում ենք «բրենդի», այստեղ ոչ մի փոփոխություն չկա»,-ասել է գործարանի փոխտնօրենը:

Հիշեցնենք, որ մի շարք միջազգային համաձայնագրերը (ծագման անվանումների պաշտպանության մասին լիսաբոնյան համաձայնագիր, ԱՀԿ-ի TRIPS համաձայնագիր) ինչպես նաեւ ԵՄ 510/06 դիրեկտիվը ապահովում են ապրանքի ծագման աշխարհագրական անվանման պաշտպանությունը: Այսպես, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում «կոնյակ» անվանումը կարոթղ են օգտագործել միայն ֆրանսիական խմիչքները:

Նշենք, որ Ռուսաստան է արտահանվում հայկական կոնյակի մոտ 80 տոկոսը (այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 80 տոկոս, 2013-ի նույն ժամանակահատվածում՝ 82 տոկոս):