Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալը իշխանությունը պահելու քայլ է եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«ԵՏՄ-ին միանալը մեզ որեւէ ձեւով ձեռնտու չէ, ես չեմ հավատում իշխանությունների բերած տնտեսական եւ անվտանգության հիմնավորումներին։ Ուղղակի իշխող կուսակցությունն այնքան է վախեցել իշխանությունը կորցնելու համար, որ նմանատիպ քայլի է գնացել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ միությունը տնտեսական առումով մի շարք բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար. «Առաջինը՝ այստեղ Ռուսաստանի կողմից չեն լինելու այն ներդրումները, որոնք կլինեին ԵՄ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում. 2 մլն դոլար Հայաստանը ստանալու էր, չհաշված այլ ներդրումներ։ Երկրորդ՝ ցանկացած պարագայում Հայաստանում արդյունաբերության վերազինում, տնտեսության նորարարություններ չեն լինելու, որովհետեւ այն ապրանքները, որ Հայաստանն արտահանելու է ԵՏՄ երկրներ, գյուղատնտեսական ապրանքներ են լինելու, որոնք բարձր տեխնոլոգիաներ չեն պահանջում։ Երրորդ՝ Հայաստանը զրկվելու է ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներից»։
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ անվտանգության հիմնավորումները բացարձակապես տեղին չեն, նախ այն պատճառով, որ պայմանագրում այդ մասին որեւէ կետ չկա, երկրորդ՝ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է եւ արդեն ՀԱՊԿ անդամ։ Փոխարենը, Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ հնարավոր է՝ մաքսակետ տեղադրվի. «ԵՏՄ պայմանագրում կա կետ մաքսային հսկողության մասին, սա նշանակում է, որ վաղը մյուս օրը եթե պահանջվի, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ տեղադրվի, մենք չենք կարող որեւէ կերպ առարկել»։



























