Թուրքիայում հայերի իսլամացման նոր փուլ է սկսվել, ինչը կարող է սպառնալից չափերի հասնել: Այդ մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ փորձագետի՝ կրոնափոխ են լինում արդեն Հայաստանից արտագաղթածները, եւ այդ գործընթացը լինում է երկու ուղով: «Առաջինն ամուսնությունների միջոցով է, երբ բազմաթիվ հայ կանայք ամուսնանում են թուրքերի հետ եւ իսլամ են ընդունում»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ անգամ թուրքական թերթերն են գրում նման փաստերի մասին:

Ռուբեն Մելքոնյանի հավաստմամբ՝ լինում են նաեւ դեպքեր, երբ հայերը բիզնեսում հաջողելու համար են կրոնափոխ լինում՝ Թուրքիայում յուրային դառնալու ակնկալիքով: «Սա շատ ցավալի երևույթ է, և մենք պետք է սա ուսումնասիրենք ու փորձենք կանխել։ Եթե ոչ, ապա մի քանի տասնամյակ հետո մենք ստիպված կլինենք ուսումնասիրություններ անելու 21-րդ դարասկզբին բռնի կրոնափոխված հայության մասին»,- ամփոփել է թուրքագետը: