Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում ական փնտրող ռոբոտները հուլիսի 4-ից սկսեցին իրենց «շրջագայությունները»:

Ռոբոտների առաջին ցուցադրության վայրը Վանաձոր քաղաքն էր, ուր ներկայացվեցին մոտ 10 ռոբոտ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստանի ռոբոտների բաց առաջնության» մենեջեր Մարիամ Նահապետյանը` ավելացնելով, որ վանաձորյան ցուցադրություններին հետեւելու են նաեւ այլ ցուցադրություններ:

«Մենք նախատեսում ենք օգոստոսին ռոբոտների ցուցադրություն կազմակերպել Երեւանում, իսկ սեպտեմբերին` արդեն Գյումրիում»,-ասաց Նահապետյանը:

Նրա տեղեկացմամբ` արդեն իսկ սկսվել է ռոբոտների հաջորդ մրցույթների` «Գծին հետեւող ռոբոտ»-ի եւ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտներ»-ի մասնակիցների հայտերի գրանցումը:

Տեղեկացնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը` ArmRobotics-ը, սկսել է կազմակերպել 2008 թվականից: