Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտին է հատկացվել ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսը, ինչը ներդրում է՝ ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Համաշխարհային Բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի հարցերով ղեկավար Էնդրյու Մեսոնի եւ Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Բարձր գնահատելով աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ նախարարը ընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները եւ հույս հայտնեց, որ առաջիկայում եւս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը: Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում` կարեւորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ, հասցեական եւ առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը` ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:
Էնդրյու Մեսոնը ողջունեց համակարգում իրականացվող բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները եւ նշեց, որ առանձնակի հաճելի եւ կարեւոր է աշխատել այն գերատեսչության հետ, որի ծրագրերն ու աշխատանքները միտված են խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու զբաղվածության ապահովմանը: Նա վստահություն հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ու արձանագրված ձեռքբերումները կարող են լավագույն հիմքը հանդիսանալ առաջիկա ծրագրերի հաջող մեկնարկի եւ ակնկալվող նոր դրական արդյունքների համար:
Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր հերթին կարեւորեց իրականացվող աշխատանքների հաջող ընթացքի ապահովման նպատակով այլ երկրների դրական փորձի եւ Հայաստանի դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերի ընթացքում շարունակել համատեղ մասնագիտական քննարկումները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով նոր ծրագրի հաջող մեկնարկը:




























