Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին մեկնել է Բելգիայի մայրաքաղաք:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձեւաչափերին, առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ եւ հետագա զարգացումներին, բազմակողմ ոլորտային համագործակցությանը, ինչպես նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաեւ հարցեր արդարադատության, անվտանգության, արդյունավետ կառավարման վերաբերյալ եւ այլն:

Հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ եվրոպական կողմինը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը: