Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է 50 մլն Եվրոյի վարկային պայմանագիր՝ հայկական ՓՄՁ-երի տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներին: 

 Վարկը տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին, որը միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով վարկային միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, որը պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է. «Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական Միության արեւելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ ՓՄՁ-երին ուղղված այս վարկը կամրապնդի ԿԲ երկարատեւ գործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ եւ կբարձրացնի բանկի դերը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում:

Չնայած այն հանգամանքին, որ ՓՄՁ-ները կազմում են երկրի ձեռնարկությունների մեծ մասը, նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առեւտրում եւ օտարերկրյա ներդրումներում դեռեւս ցածր է: Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայկական ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է: Այս վարկը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի՝ ԵՄ-ից դուրս վարկավորման չափանիշներին, որոնցից մեկը տեղական մասնավոր ոլորտի զարգացումն է՝ մասնավորապես, ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների եւ կլիմայական փոփոխությունների մեղմացումը: