Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում, նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել հայկական գինիների համտես։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Բելգիայի Թագավորությունում ՀՀ Արտակարգ եւ Լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Միջոցառումը կազմակերպվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ` ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցչության աջակցությամբ։
Միջոցառման նպատակն էր խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինգեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը, ինչպես նաեւ բացահայտել նոր գործընկերներ:
Հայկական գինիների համտեսին հրավիրված էին շուրջ 100 ներկայացուցիչներ խոշոր առեւտրային ցանցերի, գինու ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող կազմակերպությունների եւ ռեստորանային բիզնեսի, ինչպես նաեւ գինեգործության ոլորտը լուսաբանող հայտնի լրագրողներ եւ սոմելիեներ։
Համտեսին ներկայացված էին հայկական գինեգործական ոլորտի 14 ընկերությունների (Զորահ Վայնս, ՄԱՊ, Մարան, Մեծ Սյունիք, Ոսկեվազի գինու գործարան, Արմենիա Վայն, Էդվագ Գրուպ, Անուշ-1, Վայք Գրուպ, Վայն Հաուս, Վան Արդի, Օլդ Բրիջ, Գոլդեն Գրեյփ ԱրմԱս, Սեմինա Քոնսալթինգ) կարմիր եւ սպիտակ տեսակների լավագույն գինիները: Բացի գինիներից այցելուները կարող էին համտեսել նաեւ հայկական լավաշը, պանիրը եւ քաղցրավենիքը։
Համտեսի ընթացքում ներկայացվել է հայկական գինեգործության պատմությունը, հարուստ ավանդույթները եւ Հայաստանում գինեգործության ներկա վիճակը: Հայկական գինիների վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ոլորտում հայտնի սոմելիեները։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից հատատված պետական աջակցության ծրագրի շրջանակներում։




























