Հայաստանում էներգետիկ ոլորտը շահութաբեր է եւ ծածկում է ներքին պահանջարկը: Այս մասին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում դեկտեմբերի 8-9-ին ընթացող «Էներգակիրների հուսալի եւ անխափան տարանցում» խորագրով միջազգային համաժողովում նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Էներգետիկայի նախարարությունից հայտնում են, որ Էներգետիկ խարտիայի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնած համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ անվտանգության, էներգակիրների տարանցման, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության հարցերը:
«Էներգակիրների հուսալի եւ անխափան տարանցում» խորագրով համաժողովը հնարավորություն է տվել քննարկել էներգետիկայի բնագավառում առանձին երկրների հետ երկկողմ համագործակցության խնդիրներն ու հնարավորությունները: Համաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ներկայիս տեմպերը բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչը ստիպում է շատ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին, համապատասխան քայլեր ձեռնարկել ու մեծացնել վերականգնվող եւ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի բաժինը՝ ընդհանուր էներգաարտադրության մեջ, ինչպես նաեւ խթանել տնտեսության բոլոր ոլորտներում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման գործընթացը:
Երվանդ Զախարյանի խոսքով, չնայած Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է էներգիայի սկզբնական աղբյուրների ներմուծման հանգամանքից, այնուամենայնիվ, էներգետիկ ոլորտը Հայաստանում հանդիսանում է շահութաբեր եւ ամբողջությամբ ծածկում է երկրի ներքին պահանջարկը: Դրանից բացի Հայաստանը փոխշահավետ հիմունքներով եւ հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի հետ:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նշել է նաեւ, որ ՀՀ կառավարությունը կայուն զարգացման գործընթացներում բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակի բարձրացմանը: Նրա խոսքով Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության
հիմքում դրված է միջուկային, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտների զարգացումը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործումը, առաջնային էներգետիկ ռեսուրսների փոխադրման ուղիների դիվերսիֆիկացիան, ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ շուկաներին: «Համաժողովի կարեւորագույն նպատակն է առաջիկա տարիների համար էներգամատակարարման ոլորտում ստեղծել կայուն համագործակցության հիմքեր,-ասել է Երվանդ Զախարյանը,- համոզված եմ, որ դա լիովին իրատեսական նպատակ է, եթե համատեղենք մեր ուժերը»: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովի հետ:




























