Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողուհի Քադիջա Իսմաիլովայի  կալանքը խոսքի ազատության (որն այնքան կարեւոր է դեմոկրատական հասարակության համար) դեմ ուղղված քայլ է: Այդ մասին ասվում է ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղարության հայտարարության մեջ:

«Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի անդամ, պետք է լիովին հավատարիմ մնա իր միջազգային պարտավորություններին եւ ապահովի մամուլի ազատությունը: ԵՄ-ն ուշադիր կհետեւի Իսմաիլովայի գործով իրադարձությունների զարգացմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Քադիջա Իսմաիլովան կալանավորվել է դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանություն սադրելու մեղադրանքով, նրան սպառնում է  մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Նշենք, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Եվրոպայի Խորհուրդն ու ԵԱՀԿ-ն կտրուկ դատապարտել են լրագրողուհու կալանքը: